Մեր մեղրը «Բազմածաղիկ» մեղր է: Այսինքն մեղուները մեղրը բերում են հիմնականում վայրի, չմշակվող դաշտից, որտեղ ամենատարբեր տեսակի ծաղիկներ կան և ոչ մի ծաղիկի նեկտար չի գերիշխում:

Մեղրի համը, հոտը և գույնը զգալի չափով կախված են բաղադրության մեջ այս կամ այն ծաղիկի նեկտարի չափից։ Նույն դաշտից տարբեր ժամանակներում քամված մեղրը համով, հոտով և գույնով կարող է տարբերվել, քանի որ ասենք մի ծաղիկը վերջանում է, ծաղկում է մյուսը և հաջորդ քամի մեղրի մեջ արդեն այլ տեսակի ծաղիկների նեկտար է։

Այդուհանդերձ կան ծաղիկներ, որոնք կարող են գերակշռել մեղրերի մեջ՝ կախված դաշտից և եղանակից: Ներկայացնում եմ այն ծաղիկները, որոնք մեր մեղրերի մեջ գրեթե միշտ կան:

  1. Երեքնուկ, նկար 1 (Լատ.՝ Trifolium, գերմ. Klee, ռուս. Клевер) Երեքնուկը մեղրատու ամենահայտնի բույսերից է: Այս ծաղիկը գրեթե միշտ առկա է Սևանա լճի ավազանում ստացված մեր մեղրի մեջ: Այս և հետագա պնդումները մեր զննման արդյունք են, այսինքն մենք մեղուներին տեսնում ենք այդ ծաղիկների վրա և 100 տոկոսով գիտենք, որ այդ նեկտարը առկա է մեր մեղրի մեջ:
  2. Իշառվույտ, Նկար 2 (Լատ. Melilótus officinális, ռուս. Донник лекарственный)։ Պապս ասում էր, որ Իշառվույտը մեծ քանակի ծաղկում է Նորատուսի դաշտում: Բայց Սևանի ավազանում ամեն տեղ էլ այս ծաղիկը կա:
  3. Կորնգան, Նկար 3։ (լատ.՝ Onobrychis Adans, ռուս.` Эспарцет)։ Կորնգան Հայաստանում տարածված բույս է: Գերմանիայում հարցրել եմ մի քանի մեղր ներկրողի, որոնցից ոչ մեկը չէր լսել Կորնգանի մեղրի մասին, միայն մեկը ասաց, որ մի անգամ Ղրղզստանից ներկրել է այդպիսի մեղր:
  4. Ղանթափա կամ Զիվան, Նկար 4 (լատ.՝ Cephalaria) Սրանից ամենաշատը հանդիպել ենք Արգիճի գետի հովտում։ Մոտ 15 տարի առաջ մի տարի ստացել ենք հենց Ղանթափայի մեղր, որը մուգ կանաչ գույն ուներ: Ղանթափայի տեսակներից մեկը կոչվում է «Հայկական»։ ավել կամ պակաս քանակով Ղանթափայի նեկտարը միշտ առկա է մեր մեղրերի մեջ:
  5. Եղեսպակ կամ շալֆեյ, Նկար 5 (Լատ.՝ Salvia)։ Լճաշենում, որտեղից մենք ստանում ենք մեր հիմնական մեղրը, սրանից նույնպես կա։ Սա նույնպես մեր մեղրի հիմնական բաղադրիչ բույսերից է: Դեղաբույս է:
  6. Խատուտիկ, Նկար 6 (լատ.՝ Taraxacum, ռուս. Одуванчик)։ Այս բույսը, ոչ միշտ բայց պարբերաբար լինում է մեր մեղրի մեջ՝ կախված տարվանից: Երբ խատուտիկի նեկտարը մեղրի մեջ զգալի է լինում, մեղրը սուր համ է ստանում, գույնը՝ ոսկեգույն:
  7. Կծվուկ, որին մենք ասում ենք «Կծկծու», Նկար 7 (Լատ. Bunias, ռուս. Свербига)։ Սա նույնպես, ինչպես վերը նշված բույսերի մեծ մասը, դեղաբույս է:
  8. Կապույտ տերեփուկ, նկար 8, Ռուս. Василёк синий
  9. Քաղցրարմատ Նկար 9, Կրկին հանդիպում է մեղրի մեջ՝ կախված տարվանից:
  10. Կուրկուրան, սրան մենք ասում ենք «Ճպռուկ», Նկար 10 (լատ.՝ Hedysarum, ռուս. Копеечник)
  11. Կռատուկ, (կոռոթիկ) Նկար 10 (Ռուս. Лопух)։ Մեծ քանակի հանդիպում է Սևանի ավազանում։ Եթե Կոռոթիկի նեկտարը մեղրի մեջ շատ եղավ, մեղրը ստանում է դեղնականաչավուն երանգ և ջրիկ է լինում:

Բացի այս բույսերից, կան հարյուրավոր այլ բույսեր, որոնց նեկտարը առկա է մեր մեղրի մեջ: Մեղրի գույնը, հոտը և համը կախված է տվյալ տարվա տվյալ քամի մեջ ծաղիկների նեկտարի այս կամ այն չափից:

Մեկնաբանել

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *